ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՄԱՍԻՆ

«Էփիմերտեի» («Եփրեմվերդիի») մասին առաջին անգամ ամենասուր ձևով արտահայտվել է մեծ հեղափոխական-դեմոկրատ Միքայել Նալբանդյանը։ Նրա հանրահայտ «Հիշատակարան կոմս Էմմանուելի օրագրական թերթերից» հրապարակախոսական փայլուն ստեղծագործության մեջ կարդում ենք, որ 1858 թվականի հուլիսի 27-ին, չնայած «գետի նման»  թափվող երեքօրյա անընդմեջ անձրևին, կոմսի մոտ է գալիս  «պ. Բեգզադեն՝ թրջված միանգամայն մինչև ոսկորը»։ Նրանց միջև սկսվում է մի հետաքրքիր զրույց, և քիչ հետո պարզվում է Բեգզադեի գալու նպատակը. նա կոմսին խնդրում է վերցնել «Էփիմերտեն» և մեկնաբանել իր տեսած սարսափելի երազը։
Բեգզադեի գլխին թափելով վիրավորական խոսքերի տարափ, կոմս Էմմանուել-Նալբանդյանը մերժում է նրա խնդրանքը։ Բեգզադեն բոլորովին չի վիրավորվում, կոմսին անվանում է «երկաթե ձու» ածող նոր հավ, «թերահավատ», «Լութեռ», «ֆարմասոն» և այլն։ Նա միաժամանակ անկեղծորեն զարմանում է, որ մինչև հիմա բոլոր «խելոքները, գիտնականները, կարդացողները, քահանա ասես, վարդապետ ասես, եպիսկոպոս ասես՝ հավատացել են և գործ են ածել «Էփիմերտեն», իսկ այժմ «սա չէ հավատում և չէ ընդունում»։
Համբերատարությամբ լսելով Բեգզադեի հանդիմանական խոսքերը, կոմս Էմմանուելը պատասխանում է. «Մեզ օրինակ չեն քո հիշած մարդիկը, որ Էփիմերտեն բան ու գործ են շինել յուրյանց համար։ Աստված մեզ խելք ու բանականություն է տվել, մենք քո հետ ոչ երեխա ենք և ոչ էլ խելացնոր պառավ, որ ամոթ չլիներ հավատալ այդպիսի բաների։ Եթե Աստված բարկանում է, դորա պատճատը մենք չենք, Էփիմերտե չընդունողներս, այլ նոքա, որ ընդունում են, ... հետո պատճառ են դառնում և ուրիշների մոլորությանը։
Էփիմերտե ասած բանի համար իսկապես Աստված կարող էր բարկանալ, որովհետև դուք ձեր հիմար ավանդութենների համար անտես էիք առնում Աստծո բան։ Ձեզանից շատերի տանը գտնվում է Էփիմերտե, բայց Սուրբ Գիրք շատ սակավ, աչքերդ ձգեցեք, չասեմ այլ քրիստոնյաների, այլ անքրիստոնյա ազգերի վրա, մի մարդ կգտնե՞ս հրեաներից, որ չունենա յուր տանը Հին Կտակարանը, կամ մի մոհամմեդական, որ չունենա Կուրանը. ինչո՞ւ համար. նորա համար, որ նոցա կրոնի աղբյուրքը գտանվում են այդ գրքերի մեջ, իսկ մեր պ. Բեգզադեները Էփիմերտեն են որոնում։
Դու ասում ես, թե մենք թերահավատ էինք, ողորմելի մարդ, ինչ է մեր թերահավատությունը, արդյոք այն, որ մենք ճիշտ ընդունելով Սուրբ Գիրքը, չէինք ընդունում Էփիմերտեն, կամ ուրիշ այդպիսի հիմարությունք, և այդ էր պատճառը, որ ձեր պես խելոքների բերանով անվանում էին Լութեռ ու ֆարմասոն, գիտե՞ս դու, թե ինչ ասել է Լութեռ կամ ֆարմասոն»։
Նալբանդյանն իր խորհրդածությունները եզրափակում է հետևյալ խոսքերով. «Այսպիսի բաներ տեսանել կամ լսել շատ ցավալի է ինձ. արդյոք կտա՞ Աստված մի օր, որ ես իմ սիրական ազգը տեսանեի նանրահավատության, սնապաշտության և անկրթության բարբարոսական լծի տակից կատարելապես ազատված»։

                          «Գարուն» հանդես, թիվ 1, 1987, էջ  86-90,
Հրաչյա Միրզոյան. «Էփիմերտե». ի՞նչ գիրք է դա (հատված)


Комментариев нет:

Отправить комментарий