Քրիստոնյան և Աստվածաշունչը

4.   ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՎԵՐԱԾՆՈՂ ՈՒԺԸ

Աստված Իր խոսքի ուժով ստեղծեց երկինքն ու երկիրը: Ահա թե ինչպես է դա նկարագրվում Սաղմոսների գրքում. «Տիրոջ խոսքով երկինքն ստեղծվեց, և Նրա բերանի հոգով Նրա բոլոր զորքերը: Որովհետև Նա ասաց և եղավ, Նա հրամայեց և հաստատվեց» (Սաղմոս 33.6,9):
Այդ նույն արարչագործ զորությունը պարփակված է նաև Աստվածաշնչի էջերում: Սուրբ Գիրքը այն միակ գիրքն է աշխարհում, որը կարող է վերափոխել մարդուն, հայհոյողին դարձնելով օրհնող, գողին՝ բարերար, հարբեցողին՝ զգաստ:

Աստծո խոսքի այդ զորության մասին կարդում ենք Նոր կտակարանում. «Աստծո խոսքը կենդանի է և զորավոր և ամեն երկսայրի սուրից ավելի կտրուկ է և թափանցում է մինչև շունչի և հոգու և հոդվածների և ծուծի բաժանվելը. և քննող է սրտի մտքերը և խորհուրդները: Եվ չկա մի արարած աներևույթ Նրա երեսից. բայց ամենն էլ մերկ և բաց է Նրա աչքերի առաջին»  (Եբրայեցիս 4.12,13):

Դարերի և տարիների ընթացքում Աստծո գիրքը չի կորցնում իր ուժն ու ազդեցությունը: Այն ոչ միայն պատմում է անցյալում կատարված հրաշքների մասին, այլև հրաշքներ է կատարում նաև մեր օրերում:

Մի անգամ գողը մի հավատացյալ կնոջից գողացավ նրա պայուսակը՝ փողերի հետ միասին: Որոշ ժամանակ անց նա վերադարձրեց այն իր ամբողջ պարունակությամբ: Նա այնտեղ գտավ Ղուկասի ավետարանը, որի մեջ նա կարդաց Հիսուսի մասին, որը մահացավ, որ փրկի մեղավորներին: Նրա սիրտը զգացվեց Քրիստոսի այդպիսի սիրուց, և նա որոշեց ազնիվ մարդ դառնալ:

Աբրահամ Լինկոլնը մի անգամ իր անհավատ ընկերոջը տվեց հետևյալ խորհուրդը. «Կարդա այս գիրքը, մտքով հասկացիր, ինչ կարելի է հասկանալ, ընդունիր հավատով մնացածը և կապրես լավ կյանքով ու կմեռնես որպես լավ մարդ»:

Բազում են այն հրաշքները, որ Աստվածաշունչը կատարում է մարդկային սրտի հետ: Մի քանի տարի առաջ Լոնդոնում մի անաստված փորձեց ծիծաղի առարկա դարձնել հասարակ և կրթություն չունեցող մի մարդու, որը նոր էր դարձի եկել: 

Նա հարցրեց.
-  Ընդհանրապես, ի՞նչ գիտես դու Քրիստոսի մասին:            
-  Շատ քիչ, - համեստորեն պատասխանեց մարդը:
-  Ե՞րբ է ծնվել Քրիստոսը, - նորից հարցրեց անհավատը:
Այդ հարցին նոր դարձի եկածը սխալ պաստասխան տվեց:
Անհավատը ուրիշ հարցեր էլ տվեց, որոնց պատասխանները չստացավ: Այն ժամանակ նա արհամարհանքով ասաց. «Ահա տեսնո՞ւմ ես, դու ոչինչ չգիտես Հիսուսի մասին և երևակայում ես, թե հավատում ես նրան»:

Սրան քրիստոնյան պատասխանեց.

-  Ճիշտ է ես քիչ բան գիտեմ: Սակայն մի բան լավ գիտեմ. երեք տարի առաջ ես երդվյալ հարբեցող և խուլիգան էի, իմ կինը ամենադժբախտ կինն էր, իմ երեխաները վախենում էին ինձանից, ինչպես վայրի գազանից: Իսկ այժմ ես երջանիկ ընտանիք ունեմ: Երբ ես աշխատանքից տուն եմ վերադառնում, կինս ու երեխաներս ուրախությամբ են ինձ դիմավորում: Դա ինձ համար արավ Քրիստոսը: Այդ մեկը ես լավ գիտեմ:

Թանկագին բարեկամ Հիսուսը այսօր էլ կարող է հրաշքներ գործել անձամբ քեզ հետ, եթե դու քո սիրտն ու  միտքը հանձնես Նրան: Նա ասում է. «Ինձ մոտ եկողին ես դուրս չեմ անիե (Հովհաննես 6.37):                                                                                                                         
                                                                                                                        Մ Ա Ր Ա Ն Ա Թ Ա


ԱՂՈԹՔ – ԱՅԲՈՒԲԵՆ

Մեր այբուբենն աշխարհում միակն է, որ ակրոհնչական եղանակով կազմված կապակցված խոսք է՝ Աստծուն ուղղված աղոթք… Այն գրել է Ղազար Ա Ջահկեցի կաթողիկոսը 18-րդ դարում։ Նախ այն ներկայացնենք գրաբար, այնուհետև՝ աշխարհաբար։

Արարիչ Բովանդակ Գոյութեանց.
Դատաւոր Երկնից.
Զորավոր Էութիւն.
Ըստհուն Թագաւոր
Ժամանակաց, Իրաց, Լուսոյ, Խաւարի, Ծովուց, Կենսականաց, Համայնից.
 Ձայն Ղօղանջանաց.
Ճեմարան Մտաց.
Յիսուս Նազովրեցի.
Շնորհ Ոգեշունչ.
Չարեաց Պատաղիչ.
Ջանադիր Ռաբբի.
Սրբոց Վկայարան,
Տեր մեՐ Ցանկալի
ոՒ Փառք Քրիստոսիդ:



Արարիչ Բոլոր Գոյությունների.
Դատավոր Երկնքի.
Զորավոր Էություն.
Ըստհուն (Հավիտենական) Թագավոր
Ժամանակների, Իրերի, Լույսի, Խավարի, Ծովերի, Կյանքի, Համայնքների.
Ձայն Ղողանջող.
Ճեմարան Մտքի.
Յիսուս (Հիսուս) Նազովրեցի.
Շնորհ Ոգեշունչ.
Չարերի Պատռող.
Ջանադիր Ռաբբի.
Սուրբերի Վկայարան.
Տեր մեՐ Ցանկալի
ոՒ Փառք Քրիստոսիդ:

ՀԱՋՈՂԱԿ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Վերոնշյալ վերտառությամբ խորագրի տակ կխոսվի քրիստոնյայի հաջողության և առաջադիմության մասին։ Ոմանց կարծիքով քրիստոնյա լինելը արդեն անհաջողակ լինելու վկայություն է։  Դժբախտաբար որոշ քրիստոնյաների կյանքը առիթ է տալիս այդպիսի կարծիք կազմելու։ Ուստի կարևոր է դառնում Աստվածաշնչի հիման վրա համոզվելը, որ Աստված իր հետևորդներից հաջողություն է ակնկալում բոլոր առումներով. ֆիզիկական, մտավոր, հուզական և հոգևոր։ Հաջողակ քրիստոնյան կյանքում մշտական հաղթանակներ է տանում անձնական և հասարակական առումներով։
Պողոս առաքյալը իր երիտասարդ գործակցին ուղղված ուղերձում դրդում է նրան ձգտել հաջողության և առաջադիմության։ Ահա այդ հատվածը Աստվածաշնչից. «Թող ոչ ոք քո երիտասարդությունը չարհամարհի, այլ օրինա՜կ եղիր հավատացյալներին խոսքով, վարմունքով, սիրով, հավատով, մաքրությամբ։ Մինչև իմ գալը, հետամտի՜ր Աստծու խոսքը ընթերցել, hորդորել և ուսուցանել հավատացյալներին։ Զանց մի՜ առ այն շնորհը, որ քո մեջ էԱյդ բանի վրա մտածի՜ր և հարատևի՜ր դրանում, որպեսզի քո առաջադիմությունը հայտնի լինի բոլորին։ Զգո՜ւյշ եղիր քո նկատմամբ և քո ուսուցման նկատմամբ. և հարատևի՜ր դրանում։ Եթե այդ բանն անես, կփրկես և՜ քեզ, և՜ նրանց, որ լսում են քեզ, (Ա Տիմոթեոս 4.12-16)։
Աստվածաշնչյան մեկ այլ հատված նշում է քրիսսոնյայի հաջողության ճանապարհը. «Այս օրենքի գիրքը քո բերանից չհեռանա, այլ գիշեր և ցերեկ նրա վրա մտածես, որ պահես և կատարես բոլոր նրա միջի գրվածի պեսորովհետև այն ժամանակ ճանապարհները հաջողակ կանես և այն ժամանակ խելամուտ կլինես» (Հեսու 1.8 )։
Սիրելի՜ քրիստոնյա, հաջողա՞կ ես արդյոք կյանքում։ Մտորիր այս հարցի շուրջ և անկեղծ պատասխանիր այս հարցին։ Աստծուց խնդրիր, որ քեզ իմաստություն տա այս հարցում ճիշտ մոտեցում գտնելու։ Թող Աստված քեզ օրհնի գտնել քո հաջողության ճանապարհը։


Հ.Գ.  Ամեն շաբաթ կհանդիպենք «Հաջողակ քրիստոնյա» խորագրի ներքո։ Սպասում եմ Ձեր արձագանքներին նաև մեկնաբանությունների տեսքով։ Թող դրանք չլինեն «լավն էր» տարբերակով։ Ցանկալի է, որպեսզի մենք կիսվենք նաև մեր խոհերով, փորձառությամբ, գաղափարներով, անհամաձայնությամբ կամ համաձայնությամբ, առաջարկություններով։